tert.am: Ուզբեկստանի Սենատը մայիսի 11-ին տեղի ունեցած լիագումար նիստի ժամանակ դիտորդի կարգավիճակով երկրի մասնակցությունը Եվրասիական տնտեսական միությանը հաստատող որոշում է ընդունել: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տեղեկացրել են Ուզբեկստանի խորհրդարանի վերին պալատի տեղեկատվական ծառայությունից:
«Սենատորները ձայների մեծամասնությամբ հավանություն են տվել ԵԱՏՄ-ում Ուզբեկստանի Հանրապետության մասնակցությանը դիտորդ-պետության կարգավիճակով: Այս հարցով ընդունվել է Սենատի համապատասխան որոշումը»,-ասել է վերին պալատի ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ քվեարկությանը մասնակցել է գործող 100 սենատորներից 91-ը, 71 պատգամավոր կողմ է արտահայտվել, 16-ը` դեմ, 4-ը ձեռնպահ է մնացել:
Ըստ ԵԱՏՄ շրջանակում համագործակցության հաստատման կողմնակիցների՝ այս կազմակերպության հետ համագործակցությունը կնպաստի արտաքին առևտրի և ներդրումային ծրագրերի ընդլայնմանը:
«ԵԱՏՄ-ում դիտորդ-պետության կարգավիճակով Ուզբեկստանի մասնակցությունը հնարավորություն կտա տեղեկացված լինել այս կազմակերպության շրջանակում կատարվող աշխատանքների մասին և վերլուծության շնորհիվ ճիշտ եզրակացություններ անել»,-ասել է Սենատի ղեկավարը: