shantnews.am: Կառավարությունն այսօր որոշել է Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված և Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված Երևան քաղաքի Նար-Դոսի փողոց 53/2 հասցեում գտնվող շենք-շինությունները և դրանց օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասը հետ վերցնել և ուղղակի վաճառքի ձևով օտարել «Ատլանտ Գրուպ» ՍՊԸ-ին՝ ներդրումային ծրագիր իրականանացնելու համար:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը զեկուցել է, որ ընկերությունը տվյալ տարածքում նախատեսում է մինչև 2021 թ. օգոստոսը կառուցել նոր բազմաֆունկցիոնալ շենքային համալիր՝ կատարելով շուրջ 5 000 000 000 ՀՀ դրամի ներդրում։
Ինչպես նաև, հաշվի առնելով, որ նշված հասցեում կառուցվելու է նոր գույքային համալիր, քննարկումների արդյունքում ընկերության հետ համաձայնություն է ձեռք բերվել, որ 2019 թ. մայիսի 16-ի դրությամբ գույքի գնահատված 274 904 820 ՀՀ դրամ շուկայական արժեքի վճարման փոխարեն գույքային համալիրի կառուցման ավարտից հետո, Պետական գույքի կառավարման կոմիտեին կհանձնվի կառուցված գույքային համալիրի 3-րդ հարկից առնվազն 1000 քառ. մետր մակերեսով հասարակական նշանակության վերանորոգված տարածք, որը հետագայում կծառայի պետության կարիքների համար։