armenpress.am: Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում ցավակցական ուղերձ է հղել օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին և շուտափույթ ապաքինում է մաղթել բոլոր վիրավորներին։
«Երևանում տեղի ունեցած հզոր պայթյունի մասին լուրերը ցնցող են։ Մեր ցավակցությունն ենք հայտնում ողբերգության զոհերի հարազատներին ու մերձավորներին: Մաղթում ենք շուտափույթ ապաքինում բոլոր տուժածներին։ Համերաշխ ենք մեր հայ բարեկամների հետ այս դժվարին պահին,- գրել է նախարարությունը:
Հիշեցնենք, որ երեկ՝ ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Ըստ նախնական տվյալների՝ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Պայթյունի հետևանքով կա 6 զոհ, վիրավորների թիվն անցնում է 6 տասնյակից։