ԱՄՆ պետքարտուղարությունը հաղորդագրություն է տարածել նոյեմբերի 14-ին Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հեռախոսազրույցի վերաբերյալ։ Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում Բլինքենը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի ջանքերը՝ աջակցելու խաղաղության շուրջ քննարկումները, որոնք հետևում են նոյեմբերի 7-ի բանակցություններին։
Նշենք, որ նոյեմբերի 7-ին Վաշինգտոնում հանդիպում են ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը։
«Նա ընդգծել է, որ երկու կողմերի համար էլ անհրաժեշտ է պահպանել բանակցային տեմպը ու խուսափել սադրանքներից։ Նա նաև շարունակական առաջընթացի կոչ է արել խաղաղության գործընթացում կոնկրետ արդյունքների հասնելու համար»,- նշված է ԱՄՆ պետքարտուղարության հաղորդագրության մեջ։
Իսկ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը իր թվիթերյան միկրոբլոգում գրել է, որ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում է հորդորել է վերջինիս պահպանել խաղաղ բանակցությունների տեմպը, որին հնարավ որ է եղել հասնել նոյեմբերի 7-ին Վաշինգտոնում ԱԳ նախարարների բանակցություններից հետո։ Նա հավելել է, որ Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում այդ ջանքերին։
Նշենք, որ հեռախոսազրույցի վերաբերյալ հայկական կողմի հաղորդագրության մեջ նաև նշվել է, որ Բլինքենը ԱՄՆ պատրաստակամությունն է հայտնել շարունակելու աջակցությունը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, ինչպես նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում: