1lurer.am: Դուք շատ բաների չեմպիոն եք, նաև՝ իրավիճակը լարելու չեմպիոն: Այս մասին խորհրդարանում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի մեղադրանքների:
ԱԺ-ում քննարկվում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2024 թվականի գործունեության և տեսալսողական մեդիայի ոլորտում տեղեկատվության ազատության վիճակի մասին տարեկան հաղորդումը:
«Ելույթ ես ունենում, մարդը արձագանքում է, ասում ես՝ գլուխդ պատով ես տվել: Ես էլ ասում եմ՝ գլուխդ պատով տվել ես դո՛ւ»,- հայտարարեց Ալեն Սիմոնյանը, որին տեղից արձագանքում էր ընդդիմադիր պատգամավոր Մանուկյանը:
Իրավիճակը դահլիճում թեժացավ, Ալեն Սիմոնյանը հորդորեց իրեն չսպառնալ:
«Գլուխներդ պատով եք տալիս բոլորդ, ով կարող է իրեն թույլ տալ ինձ սպառնալ: Հեռուստատեսության և ռադիոյի մասին ենք խոսում, տենց ելույթներով ծրագրեր ես անում, որ ոչ մեկ չի նայում, ոչ մեկ չի կարողանում գովազդ վաճառել, դնել այդ ծրագրերի մեջ, որովհետև ոչ ոք չի նայելու»,- ասաց ԱԺ նախագահը՝ դիմելով Գեղամ Մանուկյանին, որը ցանկանում էր դուրս գալ նիստերի դահլիճից:
Սիմոնյանը նրան հորդորեց վերադառնալ դահլիճ: «Խնդրո՛ւմ եմ, նստիր ու լսի՛ր»,- դիմելով Մանուկյանին՝ ասաց ԱԺ նախագահը: Մանուկյանը, սակայն, լքեց ԱԺ նիստերի դահլիճը:
«Հիմա դո՛ւք պատկերացրեք մի իրավիճակ, որ 30 տարվա գաղջից հետո՝ մարդկանց ծեծելով սպանելուց, թալանելուց հետո, ընտրություններ կեղծելուց հետո, մարտի 1 ու հոկտեմբերի 27 անելուց ու մարդկանց գնդակահարելուց հետո ՀՀ քաղաքացին մի օր դուրս է գալիս ու կոալիցիոն Դաշնակցությանը, Հանրապետականին ճանապարհում է ու ազատվում է այդ մղձավանջից»,- նշեց ԱԺ նախագահը՝ այնուհետ նկարագրելով 1 տարի անց կորոնավիրուսի համավարակի բռնկումը, ԼՂ-ի վրա հարձակումը, զինվորականների կողմից սուտ տեղեկությունների տարածումը:
Նրա խոսքով՝ այս նոր՝ առաջին անգամ ընտրված իշխանությունը, բնականաբար, փորձում է փրկել իրավիճակը, այդ ընթացքում ներսում գործի է դրվում հինգերորդ շարասյունը: Հայրենասիրական, ազգային լոզունգների տակ փորձում են պետությունը քանդել, վերացնել պետականությունը: Գործի է դրվում այնուհետ պլան Բ-ն՝ ՀՀ-ին ներքաշել պատերազմի մեջ, որպեսզի պատերազմը բերվի արդեն Հայաստանի տարածք, փոխել Հայաստանում իշխանությունը և բերել մարիոնետային իշխանություն, որը նախկինի պես «կպարի ուրիշի դուդուկի տակ»:
Վերլուծելով ներկայումս ստեղծված իրավիճակը՝ Սիմոնյանը հայտարարեց՝ այդ հինգերորդ շարասյունը հիմա շարունակում է գործել Ազգային ժողովում, համահունչ աշխատում հակառակորդների հետ:
«Ընդդիմությունը չի ուզում իշխանությունը վերցնի, և դրա ապացույցները շատ են: Ենթադրենք, եթե ուզում էիք իշխանությունը վերցնել, ինչի էր պետք Վազգեն Մանուկյանին բերել: Երբ մեզ ասում եք՝ աթոռից կառչած, եթե այդ աթոռը այդքան լավն է, 2020-ի ավարտին աթոռն այդքան լավն էր, ինչու ոչ ոք չհամարձակվեց այդ աթոռը վերցնել, Վազգեն Մանուկյանին բերեցիք: Որովհետև չէիք ուզում այդ իշխանությունը վերցնել:
2020-ից հետո իշխանությունը փողոցում գցած էր: Դուք չվերցրեցիք այդ իշխանությունը, որովհետև պետք չէր՝ պատասխանատվություն էր: Հետո էլ չուզեցիք վերցնել: Դրա համար բերեցիք Կանադայի քաղաքացուն, որպեսզի իշխանություն չվերցնեք: Բա պատասխանատվություն է, հետո ի՞նչ եք անելու: Դուք իշխանություն չեք ուզում վերցնել նաև հիմա: Ձեր նպատակը հաջորդ Ազգային ժողովում հայտնվելն է»,- հայտարարեց Սիմոնյանը:
Նա ընդդիմադիրներին մեղադրեց քաղաքական փակուղու մեջ գտնվելու համար:
Ինչ վերաբերում է Դաշնակցությանը, նշեց՝ այն, ինչ անում է Դաշնակցության հայաստանյան կազմը, այնպես, ինչպես նրանք վարկաբեկում են իրենց կուսակցությունը, չի արել ոչ ոք:
«Դուք հայտնվել եք Ազգային ժողովում պատերազմից հետո՝ «Հայաստան» դաշինքի ֆորմատով, Ռոբերտ Քոչարյանի տրամաբանության մեջ»,- ասաց Ալեն Սիմոնյանը՝ ենթադրելով, որ հաջորդ գումարման խորհրդարանում Դաշնակցությունը շատ քիչ ներկայություն կունենա:
Հիշեցնենք՝ Մանուկյանը իր ելույթում հարցադրում էր արել՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ից առաջ ո՞ր մամուլն էր Վազգեն Սարգսյանի դեմ արշավ անում։ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը տեղից արձագանքել էր՝ դաշնակցական։