armenpress.am: Արդարադատության նախարարությունը նախաձեռնել է օրենսդրական փոփոխություն, ըստ որի՝ դատավորի փոփոխության դեպքում գործի քննությունը հնարավոր կլինի կողմերի համաձայնությամբ շարունակել նույն կետից՝ բացառելով գործընթացի մեկնարկը զրոյից։ Երևանում կայացած «Արդարադատությունը որպես արդարության հասնելու գործիք» խորագրով համաժողովին այս մասին հայտարարեց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Նրա խոսքով՝ այս իրավիճակը բերում է այն նրան, որ նույն գործով դատական գործընթացը ստիպված սկսվում է նորից։
«Օրինակ՝ Գորիսում ունենք նման խնդիր, երբ գործերի քննությունը անընդհատ սկսվում է զրոյից։ Մեր օրենսդրական նախաձեռնությունը վերաբերում է նրան, որ դատավորի փոփոխության պարագայում գործի քննությունը զրոյից չսկսվի, այլ կողմերի համաձայնության պարագայում նոր դատավորը հնարավորություն ունենա գործը շարունակել այն կետից, որտեղ այն թողել էր նախորդ դատավորը», – ընդգծեց արդարադատության նախարարը։