Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը |azatutyun.am|

azatutyun.am: Մարտի 7-ին Վրաստանի խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունեց «օտարերկրյա գործակալների մասին» վիճահարույց օրենքը։

Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանությունը դա «սև օր» է համարել Վրաստանի ժողովրդավարության համար։ Օրինագիծը քննադատող Վրաստանի ընդդիմությունը, մտավորականները, միջազգային կառույցները գտնում են, որ այդ օրենքը Վրաստանում կսահմանափակի ազատությունները։

Առաջին ընթերցմանը հաջորդելու են երկրորդ, ապա երրորդ ընթերցմամբ ընդունելու քվեարկությունները, բայց հաշվի առնելով ձայների մեծ տարբերությունը, ենթադրվում է, որ օրենքը վերջնականապես կընդունվի։

Օրինագծին կողմ է քվեարկել 76 պատգամավոր, դեմ՝ 13-ը։

Հարյուրավոր ցուցարարներ խորհրդարանի դիմաց բողոքի ցույց են անցկացնում օրինագծի դեմ։ Ոստիկանությունը նրանց դեմ արցունքաբեր գազ և ջրանետ մեքենա է կիրառել։

 

«Օտարերկրյա գործակալների» փաթեթը պայմանական անուն է, դրանում երկու օրինագծեր են՝ «Օտարերկրյա ազդեցության մասին» և «Օտարերկրացի գործակալների գրանցման մասին»:

Երկու օրինագիծն էլ հեղինակել է «Ժողովրդի ուժ» շարժումը, որը համարվում է խորհրդարանում մեծամասնություն ապահոված «Վրացական երազանքի» զինակիցն ու գործընկերը:

Օրինագծերի հեղինակները պնդում են, որ հարկ է ապահովել օտարերկրյա ազդեցության թափանցիկությունը և Հանրային ռեեստրի ազգային գործակալությունում ստեղծել օտարերկրացի գործակալների ցանկ:

Դրանում կգրանցվեն շահույթ չհետապնդող իրավաբանական անձինք և լրատվամիջոցները, որոնց եկամտի 20 տոկոսից ավելին արտասահմանից է ստացվում:  Եթե կառույցը չգրանցվի ու ապացուցվի, որ այն ավելի քան 20 տոկոսով ֆինանսավորվում է դրսից, կնշանակվի վարչական տուգանք: Ընդ որում, դրա վճարումը թույլ չի տա խուսափել գրանցումից:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բորժոմի» գործարանի աշխատողներն անժամկետ ակցիա են սկսել |azatutyun.am|

ՀՀ-ին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է |armtimes.com|

Հնարավոր է ԱՄՆ-Վրաստան ուղիղ չվերթներ սկսվեն |aliq.ge|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.